Մեր մասին

Ինչու հենց այս ամսագիրը

2017 թվականին ես գրեցի իմ առաջին հոդվածը AI-ի մասին։ Ոչ թե արհեստական բանականության, այլ՝ Հայկական բանականության։

Այն ժամանակ դա պարզապես սրամիտ բառախաղ էր թվում։ Բայց որքան շատ էի մտածում այդ արտահայտության մասին, այնքան ավելի էի հասկանում, որ դրա հիմքում շատ խորը միտք կա։

Հայկական փորձառության մեջ՝ մեր մտածելակերպի, գոյատևելու, ստեղծելու և մեր պատմությունը մեզ հետ տանելու ձևի մեջ, կա մի բան, որն իսկապես անփոխարինելի է։ Ոչ թե այն պատճառով, որ մենք առանձնահատուկ ենք, ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ սիրում է իրեն առանձնահատուկ համարել, այլ որովհետև այն, ինչի միջով անցել ենք, և այն, ինչ կարողացել ենք ստեղծել՝ չնայած այդ ամենին, մարդկության պատմության մեջ գրեթե ոչ մի այլ փորձառության նման չէ։

Մենք ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ենք, որը սփռվել է աշխարհով մեկ և, այնուամենայնիվ, շարունակում է գոյություն ունենալ։ Շարունակում է ստեղծել։ Շարունակում է ոգևորված ծրագրել իր ապագան։ Շարունակում է աշխարհին տալ գիտնականներ, արվեստագետներ, շինարարներ ու երազողներ՝ մի երկրի համար, որն ունի ընդամենը երեք միլիոն բնակիչ։

Դա պատահականություն չէ։ Դա բանականության մի առանձնահատուկ, խորապես մարդկային տեսակ է։

Հայի յուրաքանչյուր սերունդ իր մեջ կրում է մի բան, որը փոխանցվել է առանց երբևէ գրվելու։ Գոյատևելու մի ձև։ Հիշելու մի ձև։ Կորուստը ինչ-որ բանի վերածելու կարողություն, որը մնում է մեզանից հետո։

Այս ամսագիրը իմ փորձն է գտնելու և պատմելու այդ պատմությունները։ Ոչ թե այն պատմությունները, որոնք զետեղված են պատմության դասագրքերում, այլ նրանք, որոնք ապրում են ընտանիքներում։

Հայկական բանականությունը տեխնոլոգիական կամ քաղաքական բլոգ չէ։ Սա պատմությունների հավաքածու է այն մասին, թե ինչ է նշանակում լինել հայ՝ իր ողջ բարդությամբ, ցավով, երբեմն՝ անհեթեթությամբ և, ամենակարևորը, անհավանական տոկունությամբ։

Պատմություններ, որոնք պետք է պատմել, քանի դեռ չեն անհետացել։ Պատմություններ, որոնք ոչ մի ալգորիթմ երբեք չի կարող ստեղծել, որովհետև դրանք մարդկանց պատմություններն են։ Մարդկանց, ովքեր վերապրել են դրանք, կրել իրենց մեջ և վաստակել այդ հիշողությունները կյանքի դժվար ճանապարհով։

Ես այս նախագիծը սկսել էի 2017 թվականին, հետո դադարեցրի։ Հանգամանքները խանգարեցին՝ ինչպես հաճախ է պատահում կյանքում։

Հիմա ես վերադառնում եմ՝ իմ ողջ կյանքի ընկերուհու և զարմուհու՝ Միլենայի հետ, որը լեզվաբանության և լրագրության ոլորտներում մասնագիտական մեծ փորձ ունի։

Մենք ուզում ենք լսել, ուսումնասիրել, փաստագրել և պահպանել պատմությունները, որոնք կարող են կորչել։

Հատուկ նշում․ «Հայկական բանականություն» արտահայտությունը հորինել է ութամյա Նատալին, ով իմ առաջին պատմության իրական ոգեշնողն էր։

Թիմը

Միլենա Բաբայան

Միլենա Բաբայան

Լրագրողից կրթության ոլորտ անցած, լեզվի և մշակույթի հանդեպ մեծ հետաքրքրություն ունեցող մասնագետ։

Ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով հեռուստալրագրության մագիստրոսի աստիճան։ Մասնագիտական ուղին սկսել է Ազգային ռադիոյի «Լուրեր» հաղորդաշարում՝ որպես հատուկ թղթակից, այնուհետև աշխատել է «Նորաթերթ» թերթում՝ որպես լրագրող և խմբագիր։ Այդ տարիներին իրականացրել է հարցազրույցներ, հեղինակել, թարգմանել և խմբագրել բազմաթիվ նյութեր։

2000 թվականից աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանում որպես դասախոս։ Դասավանդում է հայերեն և ռուսերեն օտարազգի և սփյուռքահայ ուսանողներին։

Նրա մասնագիտական գործունեությունն ընդգրկում է կրթական և ուսումնական ծրագրերի մշակում, ուսումնական նյութերի ստեղծում, ինչպես նաև մշակութային բազմազան միջավայրերում արդյունավետ կրթական գործընթացների կազմակերպում։

Նա ակտիվորեն ներգրավված է ակադեմիական կյանքում․ կազմակերպում է ուսանողական մշակութային միջոցառումներ, մասնակցում միջազգային գիտաժողովների և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև հեղինակել և հրատարակել է գիտական աշխատանքներ։ Ավելի քան 10 ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է։

Ռուզաննա Սաֆարյան

Ռուզաննա Սաֆարյան

Ռուզաննա Սաֆարյանն աշխատում է կրթության, կանանց հնարավորությունների ընդլայնման, ստեղծարար արվեստների և ավանդական արհեստների ոլորտներում։ Շուրջ երկու տասնամյակ նրա աշխատանքը կենտրոնացած է եղել այն հարցի շուրջ, թե ինչպես են մարդիկ սովորում, բացահայտում իրենց կարողություններն ու ստանում աջակցություն՝ իրենց գաղափարներն իրագործելու համար։ Հայաստանում նա մասնակցել է Երևանի պետական համալսարանում ուսումնական կենտրոնների, և «Տվյալագիտությունը Բիզնեսում» (Data Science for business) առաջին համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի ստեղծմանը։ Նա ղեկավարել է ImpactAIM-ը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) առաջին տեխնոլոգիական աքսելերատորը, որը կենտրոնացած էր սոցիալական և բնապահպանական ազդեցության վրա։ Նա նաև ՄԱԶԾ-ի Տարածաշրջանային նորարարության և Գլխավոր թվային գրասենյակի թիմերի հետ համատեղ մշակել է Boost Impact և Digital X ծրագրերը։ Այս ծրագրերից շատերը շարունակվում են մինչ օրս։

Կանանց համար կրթության և հնարավորությունների հասանելիությունը եղել է նրա գործունեության մշտական առանցքը։ Այսօր նա աշխատում է այն կանանց հետ, ովքեր ձգտում են իրենց գաղափարները վերածել ինքնուրույն ձեռնարկությունների։

Ռուզաննան իր կարիերան սկսել է ֆինանսների ոլորտում։ Նա ունի Կառավարման բակալավր, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանից և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանից Ֆինանսների և Աուդիտի մագիստրոսական աստիճաններ, և ավարտել է ղեկավարների համար նախատեսված կրթական ծրագրեր MIT Sloan-ում և Քեմբրիջի համալսարանում։

Եթե ունեք պատմություն, որի տեղն այստեղ է, գրե՛ք մեզ։

Ներկայացրե՛ք փաստեր, լուսանկարներ, փաստաթղթեր, նամակներ, թերթերի հրապարակումներ, հին հոդվածներ՝ այն ամենը, ինչը կարող է հաստատել, որ այդ պատմությունն իսկապես տեղի է ունեցել։

Որովհետև Հայկական բանականությունն արժանի է պատմվելու նույն խորությամբ, ճշգրտությամբ և խստապահանջությամբ, որով ձևավորվել է։

Կիսվեք ձեր պատմությամբ