1920

Սևրի պայմանագիրը ստորագրվեց Դաշնակից և Ասոցիացված տերությունների և Օսմանյան կայսրության միջև 1920 թվականի օգոստոսի 10-ին: Պայմանագիրը ճանաչեց Հայաստանը որպես ազատ և անկախ պետություն: Հստակ սահմանների գծումը վստահվեց նախագահ Վուդրո Վիլսոնին, և նոր սահմանները Հայաստանին հնարավորություն տվեցին մուտք գործել Սև ծով և Հանրապետությանը փոխանցեցին արևելյան Օսմանյան նահանգների մեծ մասը:

1923

Լոզանի պայմանագիրը փաստացի փոխարինեց Սևրի պայմանագրին: Ինչպես ավելի ուշ հայտարարեց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, Անատոլիայում հայկական պետության հարցը վերացվեց:

1923 թվականի հուլիսի 25-ի առավոտյան «Gazette de Lausanne» թերթը մանրամասն ներկայացրեց արարողակարգը։ Ժամը երեքն անց տասին, Ռյումինի պալատի (Palais de Rumine) դահլիճում, Իսմեթ փաշային առաջինը հրավիրեցին ստորագրելու։ Նա ստորագրեց ոսկե գրչով։ Ստորագրումը տևեց երեսուներկու րոպե, որից հետո պատվիրակությունները տեղափոխվեցին «Բո-Ռիվաժ» (Beau-Rivage) հյուրանոց՝ ընդունելության։

«Gazette de Lausanne», 1923 թ. հուլիսի 25։ Հատվածներ Ռյումինի պալատում տեղի ունեցած ստորագրման և դրան հաջորդած «Բո-Ռիվաժ» հյուրանոցում ընդունելության մասին հաղորդագրությունից։
«Gazette de Lausanne», 1923 թ. հուլիսի 25։ Հատվածներ Ռյումինի պալատում տեղի ունեցած ստորագրման և դրան հաջորդած «Բո-Ռիվաժ» հյուրանոցում ընդունելության մասին հաղորդագրությունից։

Հայաստանը ոչ մի անգամ չի հիշատակվում։ Ո՛չ արարողության նկարագրության մեջ, ո՛չ էլ պայմանագրի 143 հոդվածների ամփոփման մեջ։ 1915-ից ութ տարի անց, ցեղասպանությունից հետո, որը խլեց 1,5 միլիոն հայի կյանք, պայմանագիրը, որը փակեց հայկական պետության դուռը, ընդունվեց առանց մեր մասին մեկ բառի։ Այդ օրվա թերթում հայերը հիշատակվում են միայն որպես 7000 փախստական՝ հաշվառված Կոստանդնուպոլսի ճամբարներում։

Այդ լռությունն էլ պատմության մի մասն է։

2018թվական, Ապրիլի 12: Երեք երիտասարդ հայեր, բոլորը ծնված 80-ականներին, մեծացած 90-ականների դժվարին տարիներին, ունենալով հայկական բանականության յուրահատուկ տեսակ, ընթրում են Լոզանի ամենապատմական ռեստորաններից մեկում: Ընդամենը մի քանի քայլ այն դղյակից, որտեղ բանակցել են Լոզանի պայմանագրի շուրջ։

Ես երբեք չեմ սիրել դպրոցում պատմության դասը, չէր ստացվում հիշել այդ բոլոր անուններն ու տարեթվերը. գուցե իմ ուղեղը դիմադրում էր ոչ տեխնիկական բովանդակության ընկալմանը: Բայց ես միշտ հիշում եմ ուսուցչիս դեմքը և հուզականությունը, երբ նա մեզ պատմում էր, թե ինչպես Լոզանի պայմանագիրը «հաղթեց» Սևրի պայմանագրին: Եվ ահա կանգնած Լոզանի այդ միջանցքում և լսելով, թե ինչպես է Հարավային Ամերիկայից մի տղամարդ ոգևորությամբ ասում ինձ. «Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվել է այստեղ», ես լուռ, նույն հուզականությամբ, ինչպես ժամանակին պատմության ուսուցիչս, ուսումնասիրում էի պատին փակցված նկարները։

Պատկերացրեք, թե ինչ ջանքեր են պահանջվում՝ մի կողմ դնելու այն ամենը, ինչ գենետիկորեն արմատացած է ձեր մեջ, շնչելու, գտնելու քաղաքավարի և չափավոր տարբերակը, հանգիստ պատմելու մեր պատմությունը, վերջում էլ հպարտ ավելացնելու, - Այ հիմա դուք էլ գիտեք, թե «ով» է Հայաստանը:

Սա է այն, ինչ անում է յուրաքանչյուր հայ, ամեն օր, յուրաքանչյուր միջազգային միջոցառման ժամանակ: Դուք ներկայանում եք: Դուք անվանում եք ձեր երկիրը: Եվ հետո պատմում եք պատմությունը՝ կրկին, որպեսզի մարդիկ հասկանան, թե որտեղից եք գալիս և ինչու է դա կարևոր:

Մարիամը, Գոռը և ես, բոլորս Լոզան էինք ժամանել տարբեր պատճառներով և պատահաբար գտել միմյանց: Մարիամը ներկայացնում էր մասնավոր հատվածը՝ ղեկավարելով հետազոտությունների և զարգացման նախաձեռնություն աշխարհի առաջատար կորպորացիաներից մեկում: Գոռը իր ստարտափը Շիրակից բերել էր Seedstars մրցույթին: Ես այնտեղ էի՝ Հայաստանի համար նոր գործընկերություններ կառուցելու համար: Երեք մարդ, երեք առաքելություն, մեկ սեղան:

Մենք բոլորս նույն բանն էինք անում մեր ձևով՝ փորձելով մեր երկիրը ըստ արժանվույնս ներկայացնել միջազգային հանրությանը: Մենք բոլորս սովորել կամ աշխատել էինք արտասահմանում: Մենք բոլորս վերադարձել էինք Հայաստան՝ ոչ թե որովհետև դա հեշտ էր, այլ որովհետև ներուժը իրական էր և պահանջված:

Այդ երեկոյի զրույցը մեր կյանքի, մեր ընտանիքների, մեր նախապապերի, բոլորիս՝ Հայոց ցեղասպանության ժառանգների մասին էր: Այդ սենյակում էներգիան անսովոր էր: Մենք չէինք նկատել նույնիսկ, որ ռեստորանը փակվում էր: Մատուցողները համբերատար սպասեցին մոտ 40 րոպե, սեղանի շուրջ տիրող հուզմունքն իրական էր։

Չնայած մեր փոքրաքանակ բնակչությանը, կա հայերի մի հիմնական խումբ՝ երիտասարդ, կոմպետենտ, նպատակասլաց, ովքեր այժմ աշխարհի ամենապահանջված մասնագետներից են։ Լոզանում մենք երեք հոգով էինք։ Բազմապատկեք դա հազարներով, և կստանաք այն թիվը, որը կարող է մեծ մասշտաբով իրականություն դարձնել Հայկական Բանականությունը։

Մենք բոլորս ունենք ցավ, որ կրում ենք ինչ-որ տեղ, անվտանգ կերպով փակված խորքում, սերնդեսերունդ վերածված մի ուժի, որ մեզ առաջ է մղում։ Հաղթելու համար։ Հայկական ինքնության այդ վերջին թանկարժեք մասնիկը պահպանելու համար։

Եթե Հայաստանի Առաջին Հանրապետությունը դիմադրեր, մենք հիմա կնշեինք անկախության 100-ամյակը։ Այն չդիմացավ։ Հարցը, թե ինչու՝ ինչու հայերը չկարողացան բավականաչափ ուժեղ պայքար մղել, ինչու աշխարհը հայացքը մի կողմ նետեց. վախ էր, թե բոլորովին այլ բան, այն հարցն է, որի շուրջ պատմաբանները դեռ վիճում են։ Ես չեմ ձևացնի, թե ունեմ պատասխանը։ Բայց ես վստահ եմ մեկ բանում. ինչ պատճառ էլ որ լիներ, այն չի կարող մշտական լինել։ Ճշմարտությունը երկար հիշողություն ունի։

Մենք պետք է մաքսիմալ ճիշտ օգտագործենք մեր Հայկական Բանականությունը։ Հակառակ դեպքում մենք կկորցնենք մեր ինքնությունը, քանի որ սերնդեսերունդ ամեն ինչ արվում է, որ այն վերանա։

Այդ երեկո, ընթրիքը տեղի ունեցավ այն շենքում, որտեղ լորդ Բայրոնը 1816 թվականին գրել է «Շիլյոնի բանտարկյալը» պոեմը: Բայրոնը, լուրջ հետաքրքրություն է ցուցաբերել հայկական մշակույթի նկատմամբ՝ անվանելով հայոց այբուբենը «Մեսրոպի երեսունվեց անիծյալ քերծվածքները»: Նա, այնուամենայնիվ, փորձել է սովորել այն:

Կիսվել պատմությամբ

WhatsApp · Facebook · LinkedIn · Telegram · Էլ. փոստ · Պատճենել հղումը