Գոյություն ունի մի առանձնահատուկ լռություն, որը հետևում է ցեղասպանությանը։ Այն խաղաղության լռություն չէ, այն կորստի լռություն է։ Այն ամենի լռությունը, ինչ եղել է, բայց այլևս չկա։

Վերապրածները չէին սգում այնպես, ինչպես սովորաբար պատկերացնում ենք սուգը։ Հասնելով Երևան, Բեյրութ, Փարիզ, Ֆրեզնո, գրեթե ոչինչ չունենալով՝ նրանք անմիջապես սկսեցին կառուցել։ Ոչ այն պատճառով, որ ապաքինվել էին ցավից ու մոռացել վիշտը, այլ որովհետև կառուցելը միակ պատասխանն էր, որ կարող էին տալ, որովհետև այլընտրանքը լռությանը հաղթանակ պարգևելն էր։

Այդ բնազդը՝ տնկել, կառուցել և արարել ջնջման ու կորստի դիմաց, ես անվանում եմ «Հայկական բանականություն»։ Դա գաղափար չէ։ Դա ապրելակերպ է։ Փորձառություն, որը փոխանցվել է սերնդեսերունդ՝ առանց գրի առնվելու։ Այն կրել են մարդիկ, ովքեր բոլոր պատճառներն ունեին կանգ առնելու, բայց կանգ չառան։

Իմ պապը այդ մարդկանցից մեկն էր՝ Ցոլակ Ռուբենի Սաֆարյանը։ Նա ծնվել էր այդ լռության մեջ։

Ցոլակ Ռուբենի Սաֆարյան, 1920–1988
Ցոլակ Ռուբենի Սաֆարյան, 1920–1988

Նրա ընտանիքը Իգդիրից հեռացած վերջին ընտանիքներից էր՝ հայր, մայր, չորս եղբայր և մեկ քույր։ Հայի հավաքական հիշողության մեջ այն մնացել է որպես Իգդիրի վերջին գաղթը։ Նրանք Երևան հասան՝ ոչինչ չունենալով և որոշ ժամանակով ապաստարան գտան քաղաքի այգիներից մեկում։

Փախստական ընտանիք՝ ապաստանած ծառերի տակ, մի քաղաքում, որը հետագայում պիտի դառնար նրանց հայրենիքը։ Մինչ օրս չեմ կարող հասկանալ՝ արդյոք դա ողբերգությո՞ւն էր, թե՞ մարգարեություն։ Գուցե երկուսն էլ։

Նա երեք տարեկան էր, երբ կորցրեց մորը։ Նրան մեծացրեց քույրը։ Եվ շատ վաղ տարիքից, ավելի վաղ, քան կարող եք պատկերացնել, նա սկսեց աշխատել։

Նա այն տղաներից էր, ովքեր Երևանի փողոցներում ջուր էին վաճառում։ Փոքրիկ, համառ, բայց արդեն իսկ կարևոր գիտակցմամբ՝ գոյատևումը պայքար է պահանջում։ Անհրաժեշտ է առաջ շարժվել, այլապես կկորչես։

Նա կրթվեց և ստացավ իր մասնագիտական որակավորումը։ Ավարտեց Գյուղատնտեսական ինստիտուտը, ապա ուսումը շարունակեց Մոսկվայում։ Հետագայում ավարտեց նաև Բարձրագույն կուսակցական դպրոցը։

1949 թվականին նշանակվեց Երևանի Անտառվերականգնման կայանի տնօրեն։ Նա դեռ երեսուն տարեկան էլ չկար։ Այդ պաշտոնը նա զբաղեցրեց ավելի քան երեք տասնամյակ։

Եվ այդ երեսուն տարիների ընթացքում արեց այն, ինչը քչերին է հաջողվել իրականացնել՝ անկախ երկրից կամ դարաշրջանից։

Նա վերափոխեց Երևան քաղաքի բնապատկերը։

Քաղաքի կենտրոնի մոտ մի տարածք կար, որտեղ ժամանակին միայն մերկ ու քարքարոտ բլուրներ էին, հողը մեռած ու ցամաքած էր։ Քարերի տակ հազիվ էր նշմարվում ամուլ հողը։ Նույնիսկ խոտը չէր արմատավորվում, մինչդեռ քաղաքի կենտրոնը ընդամենը մի քանի քայլ էր հեռու։ Հին երևանցիներն այդ վայրը ճանաչում են որպես Եռաբլուր։

«Այստեղ երբեք ծառ չի աճի, արմատ գցելու տեղ չկա, քարը չի հաղթահարի»,— ասում էին շատերը։

Բայց ծառերը արմատավորվեցին բնության բոլոր օրենքներին հակառակ, քանզի նույնիսկ քարը խոչընդոտ չէ, երբ աշխատանքը բնությունը սիրող և գիտելիքներով ու ժամանակակից տեխնոլոգիաներով զինված մարդկանց ձեռքում է։

Ավելի քան երեսուն տարի Ցոլակ Ռուբենի Սաֆարյանն իր կյանքը նվիրեց Երևանի շուրջ կանաչ օղակ ստեղծելու գործին։

Նրա աշխատանքի մնայուն հետքը մինչ օրս տեսանելի է Նորքի ջրանցքի անտառապատ լանջերին, Ջրվեժի 1300 հեկտար տարածքներում, Ձորաղբյուրի շուրջ 1200 հեկտար հողերում, ինչպես նաև՝ Քանաքեռի, Սարի թաղի, Սովետաշենի, Ծիծեռնակաբերդի, Հարբերդի և Արզնու լանջերին։

Փշատերև, սոսի, հացենի, հայկական բոխենի, սերկևիլի և բազմաթիվ պտղատու ծառերի փոքրիկ տնկիները՝ (որոշները ընդամենը երեսուն սանտիմետր բարձրությամբ, մյուսները՝ արդեն մեկ մետրի հասած), մեղմ շրշում էին քամու ներքո՝ կազմելով այն, ինչ ժամանակի լրագրողներից մեկը կոչել էր «ապագա անտառի հրաշալի սիմֆոնիա»։

«Զմրուխտե օղակ»՝ նրա կենդանության օրոք հրապարակված հոդվածը։ Լուսանկարը՝ Է. Ստարոստովայի։
«Զմրուխտե օղակ»՝ նրա կենդանության օրոք հրապարակված հոդվածը։ Լուսանկարը՝ Է. Ստարոստովայի։

Նա երազում էր այնպիսի Երևանի մասին, որտեղ ծառերը այնքան պտուղ կտային, որ քաղաքի փողոցներով քայլող յուրաքանչյուր ոք կկարողանար պարզապես ձեռք մեկնել և ճաշակել դրանք։ Պտղատու ծառեր՝ բոլորի համար։ Առատությունը՝ որպես հանրային իրավունք։ Քաղաք, որն այնքան առատաձեռն կլիներ, որ ոչ մի երեխա զուրկ չէր մնա այդ պտուղները վայելելուց։

Քաղաքի կանաչապատման ամենածանրաբեռնված օրերին, նույնիսկ երբ արձակուրդում էր, Սաֆարյանը չէր հանգստանում։ Երբ Հյուսիսային Կովկասից գնացք էր ժամանում՝ բեռնված տնկիներով, բեռնաթափման աշխատանքներին անձամբ էր հետևում կայանի տնօրենը։ Երբ անսպասելի ձյուն էր տեղում, նրան կարելի էր տեսնել լանջերին, երիտասարդ ծառերի միջև: Ստուգում էր, թե արդյոք դրանք չեն վնասվել։ Ի վերջո, դրանք դեռ նոր էին ուժ հավաքում։

«Մասնագիտության հանդեպ նվիրվածությունն ու աշխատանքի նկատմամբ սերն ինձ փոխանցել է նշանավոր այգեգործ Մարգարիտա Բեգլարովնա Դանելյանը»,— ասում էր նա։ «Նրա ներդրումը մեր հանրապետության մայրաքաղաքի շուրջ անտառային գոտի ստեղծելու ծրագրերում անգնահատելի է եղել»։

Ծառի ճակատագիրը մեծապես կախված է մարդու հոգատարությունից ու ջանքերից՝ ճիշտ ժամանակին տնկելուց, ջրով ապահովելուց, դժվարություններից ու վնաս հասցնողների ձեռքից պաշտպանելուց։

Հավանաբար հենց այդ պատճառով անտառապահը չի կարող անտարբեր մարդ լինել։

Նա դաստիարակում է շրջապատի մարդկանց՝ սերմանելով ուշադրություն, հոգատարություն, բնության հանդեպ սեր և գեղեցիկը տեսնելու ու այն պահպանելու ցանկություն։

Նա պարգևատրվել է Լենինի շքանշանով, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր անտառապահի կոչմանը։

Նա լսում էր Բիթլզ և Թոմ Ջոնս, սիրում էր Հեքիմյանի երգերը, նվագում էր կլարնետ։

Կարդում էր անասելի շատ։

Այլ կերպ ասած՝ նա մեծատառով Մարդ էր։ Բայց նաև միանգամայն առանձնահատուկ հայ՝ այն սերնդի հայերից, որոնց կորուստն ու ցավը վերածվել էին գրեթե անհավանական վճռականության՝ ստեղծելու մի բան, որը կապրեր իրենցից երկար։

Ես հաճախ եմ մտածում նրա մասին, երբ մարդիկ քննարկում են, թե այսօր ինչ է հարկավոր Հայաստանին։ Նոր ներդրումներ, ավելի լավ ենթակառուցվածքներ, ավելի ուժեղ հաստատություններ...։ Այս ամենը ճիշտ է։ Այս ամենն անհրաժեշտ է։

Բայց դրանցից ոչ մեկը չի կարող փոխարինել այն, ինչը դարեր շարունակ կենդանի է պահել այս ժողովրդին՝ զրկանքների, բռնագաղթի և կորստի պայմաններում։ Դա ռազմավարություն չէր։ Ռեսուրսներ չէին։ Դա ավելի ճիշտ այն էր, ինչ անում էր պապս ամեն առավոտ, երբ բարձրանում էր մերկ բլուրները և աշխատում այն հողի վրա, որից բոլորը վաղուց հրաժարվել էին։ Լուռ հրաժարում՝ ընդունելու, որ այստեղ այլևս ոչինչ չի կարող աճել։

Ահա սա եմ ես անվանում «Հայկական բանականություն»։

Ոչ ապրանքանիշ, ոչ համաժողովի թեմա..., այլ մի ժողովրդի առանձնահատուկ, անփոխարինելի և վաստակած իմաստություն, որը գոյատևել է արարելով, մշտապես կառուցելով, նույնիսկ այն ժամանակ, երբ ոտքերի տակ հողի փոխարեն միայն քար էր։

Եռաբլուրն այժմ զինվորական պանթեոն է։ Նույն բլուրների վրա այժմ մեր հերոս տղաների շիրիմներն են, ովքեր զոհվեցին Ադրբեջանի դեմ պատերազմում։ Երևանի մյուս հատվածներում այսօր անխնա շինարարություն է, շենքեր են բարձրանում մի ժամանակ անտառապատ հողի վրա, զմրուխտե օղակը նոսրանում է, ճեղքվում, անհետանում՝ թաղամաս առ թաղամաս, գործարք առ գործարք, թույլտվություն առ թույլտվություն։

Սա է այսօր իրականությունը, Հայաստանում կանաչը անհետանում է։

Հեռանում են պատմությունները։

Հեռանում են այն մարդիկ, ովքեր գիտակցում են, թե ինչու է այս ամենը կարևոր։

Հեռանում են կամաց-կամաց, տարի առ տարի։

Հեռանում է վերջին սերունդը, որն իր մեջ դեռ կրում է այն ժառանգությունը, որը փոխանցվել է առանց գրի առնվելու։

Եվ եթե մենք կորցնենք նրանց՝ չլսելով, չարձանագրելով և չփոխանցելով նրանց գիտելիքն ու փորձը հաջորդներին, ապա չենք կորցնի պարզապես պատմություններ։

Մենք կկորցնենք այն միակ ուժը, որ միավորել է մեզ հնագույն պատմության, սփյուռքի, ցեղասպանության, վերածննդի և վերաիմաստավորման միջով։

Մենք կկորցնենք Հայկական բանականությունը։

Այս հարցի շուրջ շատ եմ խորհում։

Հայաստանի աշխարհաքաղաքական իմաստով գոյատևումը, անշուշտ, կարևոր է բոլորիս համար։ Սակայն մենք՝ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերս, արդյոք գիտակցո՞ւմ ենք, թե իրականում ինչի պահապաններն ենք։

Իմ պապը մանկության տարիներին Երևանի փողոցներում ջուր էր վաճառում։ Հետո նույն քաղաքի շուրջ երեք տասնամյակ անտառ էր տնկում։ Նա դա չէր անում ճանաչման կամ պարգևների համար։ Նա դա անում էր, որովհետև հասկանում էր մի ճշմարտություն, որը հասու է միայն վերապրածներին և նրանց զավակներին։

Երկիրը պարզապես քարտեզի վրա գծված սահման չէ։ Երկիրը այն է, ինչ դու կառուցում ես նրա ներսում։ Դա այն ծառերն են, որոնք տնկում ես՝ գիտակցելով, որ, գուցե, երբեք չես նստելու նրանց ստվերում։ Դա այն ջուրն է, որը հասցնում ես մարդկանց՝ առանց ակնկալելու, որ նրանք կհիշեն քո անունը։

«Որպեսզի տնկված անտառը աճի առողջ, կենսունակ և խիտ, միայն մասնագետների ջանքերը բավարար չեն։ Մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակիչ՝ մեծ թե փոքր, պարտավոր է իր բաժին մասնակցությունն ունենալ՝ պահպանել, պաշտպանել և խնամել այն»։Ցոլակ Ռուբենի Սաֆարյան

Յուրաքանչյուր բնակիչ։ Յուրաքանչյուր դպրոցական։ Պարտավորվածություն։

Մենք կորցնում ենք մեր զմրուխտե օղակը։ Մենք կորցնում ենք մեր պատմությունները։ Մենք կորցնում ենք այն թելը, որը կապում է մեր անցյալը մեր հնարավոր ապագայի հետ։ Եվ կշարունակենք կորցնել, մինչև մեզանից յուրաքանչյուրը չհասկանա, որ դրա պահպանությունը մեր պատասխանատվությունն է։

Ոչ միայն կառավարության, ոչ միայն սփյուռքի, ոչ միայն մեր, այլ՝ յուրաքանչյուրիս։

Եվ անհապաղ։

Իմ պապիկը ծառեր էր տնկում այն հողի վրա, որից բոլորն արդեն հրաժարվել էին։

Նա հավատում էր՝ հակառակ բոլոր ապացույցներին, որ կյանքը կարող է նորից ծաղկել։

Իսկ արդյոք մենք դեռ հավատո՞ւմ ենք դրան։

Եթե ունեք պատմություն, որը պետք է դառնա այս պատմության մի մասը, գրեք դրա մասին։ Տրամադրեք փաստաթղթեր, լուսանկարներ, վկայություններ։

«Հայկական բանականությունը» արժանի է ներկայացվելու նույնպիսի ճշգրտությամբ, հոգատարությամբ և պատասխանատվությամբ, որով այն ստեղծվել է։

Կիսվել պատմությամբ

WhatsApp · Facebook · LinkedIn · Telegram · Էլ. փոստ · Պատճենել հղումը